Բանկի սնանկությունը` Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքում բանկը ենթակա է լուծարման:
Բանկը կարող է սնանկ ճանաչվել բացառապես Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա` ելնելով հետևյալ հիմքերից որևէ մեկից: Այն է՝ բանկի սնանկության մասին դիմումով Կենտրոնական բանկը դատարան է դիմում, եթե`
ա) բանկն անվճարունակ է, կամ`
բ) ադմինիստրացիայի գործունեության ընթացքում Կենտրոնական բանկին ակնհայտ է դառնում, որ բանկը լուծարելու դեպքում հնարավոր է պահպանել բանկի միջոցների առավել մեծ քանակ, քան ադմինիստրացիայի գործունեությունը շարունակելիս, կամ չի հաջողվում վերականգնել բանկի կայուն վճարունակությունը:
Բանկի նկատմամբ սնանկության վարույթ հարուցվում է բացառապես Կենտրոնական բանկի կողմից` նրա խորհրդի որոշմամբ:
Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` օրենքով սահմանված կարգով բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը պետք է կցվեն բանկի դրամական պարտավորությունների առկայությունը և նրանց չափը հիմնավորող փաստաթղթերը: Կենտրոնական բանկը միջնորդությունը քննարկում և երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նախագահը կարող է երկարաձգել միջնորդության քննարկման ժամկետը ևս երկու շաբաթով: Կենտրոնական բանկը նշված որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է այն պարտատիրոջը:
Կենտրոնական բանկի որոշումը պարտատիրոջ միջնորդությունը մերժելու մասին կարող է բողոքարկել միջնորդությունը ներկայացրած պարտատերը` Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում: Բողոքի քննության ժամանակ դատարանն առաջարկում է Կենտրոնական բանկին` ներկայացնել եզրակացություն սնանկության հիմքերի բացակայության մասին կամ բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը: Կենտրոնական բանկը, դատարանի առաջարկն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է նշված փաստաթղթերն ուղարկել դատարան: Կենտրոնական բանկի` բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենի ներկայացումը դատարան հիմք է հանդիսանում սնանկության գործի վարույթն սկսելու համար:
Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հնգօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում բանկի սնանկության մասին դիմում` առաջարկելով լուծարային կառավարչի թեկնածություն (թեկնածություններ): Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում իր խորհրդի որոշումը կամ որոշման պատճենը` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, օրենքով նախատեսված դեպքում` նաև բանկի անվճարունակության հայտնաբերման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: Կենտրոնական բանկը դիմումին կից դատարան է ներկայացնում իր խորհրդի կողմից սահմանված հիմնավորող այլ փաստաթղթեր:
Բանկերի սնանկության մասին գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Բանկերի սնանկության վարույթի ընթացքում հաշտության համաձայնություն չի կարող կնքվել: Բանկի սնանկության գործով դատավարությունում գործին մասնակցող անձինք են պարտապան բանկը, Կենտրոնական բանկը և լուծարային կառավարիչը: