Ստեփանակերտի դիահերձարանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։
Այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։
«Արցախի 6 համայնքների (Խրամորթ, Խնաբադ, Սառնաղփյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ) քաղաքացիական բնակչությունը տարհանվել է։
Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակիչ, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈւ-ն ավերել է համայնքի դպրոցը. բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են»,-նշել է նա։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։