ՀՀ կենտրոնական բանկը հայտարարությամբ է հանդես եկել՝ կեղծ 20․000 դրամանոց «թղթադրամների» հետ կապված։
«Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը։
Նշված հուշանվերային «թղթադրամներն» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։ Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով:
Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով:
Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամը զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին կարող եք ծանոթանալ այս հղումով։ 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում»։