Վարչապետը՝ վրացական համարանիշերով մեքենաները Հայաստան ներմուծելու վերաբերյալ նոր նախագծի մասին

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։

Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզ․ անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն այդ մեքենան ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ Սա, ըստ էության, անիմաստ կդարձնի դրանց ձևական ժամանակավոր ներմուծումը։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխող խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղղեց՝ նշելով, որ վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների մաքսազերծումը մեքենաների գնի չափ է լինում ու քաղաքացին մեքենայի գնի չափով գումար պետք է սառեցնի մաքսազերծում իրականացնելու համար։

Պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդը պետք է վարի այն մեքենան, որը իր հնարավորությունների սահմանում է։ Ես օրինակ ունեմ և ունեցել եմ մեքենա, դրանք մեքենաներ են, որոնք իմ հնարավորության սահմաններում են։ Այդ սառեցման գումարը այդքան մեծ է դրված, որպեսզի մարդը նախընտրի գալ նորմալ իր մեքենան մաքսազերծի ՀՀ-ում։

Եթե մարդը Վրաստանի քաղաքացի է ու սահմանված ժամկետով օգտագործում է իր մեքենան, որևէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել։ Նորից եմ ասում ամենայն հարգանքով նրանց նկատմամբ, ովքեր վարում են վրացական պետհամարանիշով մեքենա ու ամենայն հարգանքով վրացական պետհամարանիշի նկատմամբ, բայց սա պետության ռազմավարությունն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել