Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Քրեակատարողական ծառայության» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս, քրեակատարողական ծառայողը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն․ «Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ քրակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության և մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ոչ՛ մասնագիտորեն, ոչ՛ էլ իրավական առումով ճիշտ չէ, և այդ շարունակական կրթության արդյունավետության կառավարելիությունը թողնված է քրեակատարողական ծառայողի կամքին, քանի որ այն ծառայողի համար իրավական բացասական հետևանքներ չի առաջացնում»:
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածը վերաբերում է քրեակատարողական ծառայությունից ազատելուն։ Նախագծով առաջարկվում է սահմանել նոր կարգավորում, ըստ որի՝ 2տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտներ չստանալու, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում քրեակատարողականի ծառայողը կազատվի աշխատանքից։