Մեկ տարի անց..․ Ջերմուկն ապրեց, որովհետև քաղաքի հյուրերը վերադարձան. հայտարարություն

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի: Սեպտեմբերի 13-ն է, ու եկել է պահ, ալեկոծ հոգեվիճակը մի կողմ դնելով, խոսելու 2022 թվի սեպտեմբերի 13-ից մինչև օրս մեր քաղաքի, մարդկանց ու իրադարձությունների մասին: Այս մասին հայտարարություն են տարածել Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը եւ «Վիզիթ Ջերմուկ» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կեսգիշերն անց առողջարանային քաղաքի բնակիչներին և հազարավոր հյուրերին արթնացրեց մինչ այդ բոլորովին անծանոթ մի ձայն՝ ռմբակոծություն, որը տևեց մոտ 2-3 ժամ: Հարվածներն ուղղված չէին քաղաքին, միայն մատույցներին, քաղաքը շրջապատող սարերին և մոտակա ռազմական օբյեկտներին:

Ու, անկախ նրանից, որ ոչ ոք պատրաստ կամ իրազեկված չէր, թե ինչ է պետք անել նման իրավիճակում, քաղաքը կենտրոնացավ մարդկանց անվտանգ տարածքներում թաքցնելու, ապա նաև տարհանելու վրա: Քաղաքի հյուրերը գիշերն անցկացրեցին ապաստարաններում, իսկ առավոտյան արդեն սկսեց տարհանումը առողջարանների աշխատակիցների, ինչպես նաև նրանց որոշ գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով: Անմարդկային ջանքերով քաղաքի հայ և այլազգի հյուրերը, տեղաբնակների մի մասը տարհանվեցին: Մնացին քչերը: Քաղաքն այդպիսին երբևէ չէր եղել, անմարդաբնակ, ամայի:

Մոտակա տասնհինգ-քսան օրերի ընթացքում այդ ամայությունը խախտում էին ժամանակ առ ժամանակ այցելող միջազգային կազմակերպությունների և ՀՀ պետական մարմինների առաքելությունները, իսկ ևս մի քանի օր անց՝ սկսեցին իրենց տները վերադառնալ տեղացիները:

Հոկտեմբերի առաջին տասնօրյակում իրենց աշխատանքը վերսկսեցին քաղաքի մի քանի առողջարաններ, հյուրեր ընդունելու շատ աղոտ հույսով: Դա ցավալիորեն դանդաղ, անկասելի կամքի ուժ պահանջող գործընթաց էր: Քաղաքին անհրաժեշտ էր ամեն գնով վերականգնվել ֆիզիկապես, ֆինանսապես և նաև հոգեպես:

Իրենց բնականոն աշխատանքը վերսկսեցին քաղաքի մանկապարտեզներն ու դպրոցները:

Վերածնվելու այդ գործընթացը ուղեկցվում էր ներքին լրատվական դաշտում գերակշռող ապատեղեկատվությամբ, քաղաքի մեդիա-մեկուսացվածությամբ և բնակչության առօրէական խնդիրների լուծմանն ուղղված հսկայածավալ աշխատանքներով:

Անկախ քաղաքի պատկան մարմինների, գործարարական սեկտորի ներկայացուցիչների և բնակիչների ջանքերից, քաղաքի համբավը առողջարանային հայտնի կենտրոնից վերածվել էր պատերազմական գոտու քրոնիկոնի:

Այդ վիճակից դուրս գալու միակ տարբերակը անխոնջ աշխատանքն էր, ինչը և արվում էր ամիսներ շարունակ, մինչև այն պահը, երբ մեկ առ մեկ սկսեցին քաղաք այցելել Ջերմուկի հյուրերը: Գալիս էին սկզբում վախվորած, ասես հետախուզելով, ստուգելով լսածն ու կարդացածը, ապա արդեն սովորականի պես՝ հանգստանալու, անապակ բնությունը վայելելու, բուժվելու համար: Քաղաքն ապրեց: Ապրեց, որովհետև Ջերմուկի հյուրերը վերադարձան, նրանք միշտ են վերադառնում, տարին մեկ, երկու անգամ: Որովհետև մարդիկ գնում են այնտեղ, որտեղ իրենց սպասում են սիրով:

Ինչու՞ մենք որոշեցինք պատմել մեր բառերով տեղի ունեցածը: Որովհետև նույնիսկ մեկ տարի անց հայաստանցիները չգիտեն տեղի ունեցածի իրական պատկերը: Գիտեն րոպեական հավանումների համար աշխատող լրատվամիջոցների նյութերից, ասեկոսեներից, իսկ դրանք շատ հեռու են իրականություն լինելուց:

Մարդիկ չգիտեն, որ այս ամբողջ ընթացքում մենք աշխատել ենք առանց հանգստանալու, ներգրավել ենք նոր գործընկերների արտերկրից և երկրի ներսում, կազմակերպել ենք անհաշիվ ինֆո-տուրեր, հանդիպումներ արտասահմանցի պաշտոնյաների հետ, պայմանագրեր ենք կնքել բազմաթիվ նոր ընկերությունների հետ, կազմակերպել ենք ցուցահանդեսներ, համերգներ, ճանաչողական միջացառումներ, այդ ընթացքում բարելավելով մեր քաղաքի ենթակառուցվածքները՝ փողոցների և մայթերի ասֆալտապատում, բարեկարգում: Սկսել ենք կառուցել նոր առողջարաններ, վերակառուցել հներից մի քանիսը:

Ասելով մենք, նկատի ունենք մեզ բոլորիս՝ քաղաքային իշխանություններին, առողջարանների սեփականատերերին և շարքային աշխատակիցներին, վաղուց այստեղ չապրող, բայց քաղաքով մտահոգ ջերմուկցիներին, որոնք իրենց հնարավորությունների չափով աջակցել են ոտքի կանգնող քաղաքին:

Այս ամենով հանդերձ, մեր ուղերձը հետևյալն է՝ քաղաքն ապրում է, լիարժեք կերպով մատուցելով իր առողջարանային ծառայությունները և ձգտելով շարունակական զարգացման:

Ջերմուկը միասին բացահայտելու և վայելելու ժամանակն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել