Վերջերս Գավառ քաղաքում երեխայի նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ հարցում էի ուղարկել գլխավոր դատախազին, որի պատասխանը ստացել եմ Քննչական կոմիտեից: Հանրային հաշվետվողականության և անհատի ու հանրության համար հարցի խիստ կարևորության տեսանկյունից հարկ եմ համարում կիսվել այդ նամակները ձեզ հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Իմ նամակում մասնավորապես գրել էի.
[…]Խնդրում եմ Ձեզ պարզաբանել, թե արդյոք քննության առարկա է դարձել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու հանգամանքը, որը հանգեցրել է նման ծանր հետևանքների` հաշվի առնելով, որ ըստ տարածված լուրերի այդ ընտանիքում արդեն իսկ արձանագրված է եղել սեռական բռնության դեպք հենց նույն երեխայի նկատմամբ: Մասնավորապես արդյոք քննության առարկա է դարձել և քրեաիրավական գնահատական է տրվել համապատասխան համայնքապետարանի, սոցիալական պաշտպանության ծառայության և ոստիկանության ծառայողների գործողություններին կամ անգործությանը և արդյո՞ք այս մասով կան մեղադրյալներ, թե` ոչ:
Եթե վերոգրյալ հարցերը քննության առարկա չեն հանդիսացել, խնդրում եմ պարզաբանել, թե՞ ինչու, քանի որ ըստ էության պետության պարտավորությունների մեջ մտնում է ոչ միայն արդեն իսկ տեղի ունեցած ընտանեկան կամ սեռական բռնությունների բացահայտումը, այլ նաև դրանց կանխարգելումը, հատկապես երբ դրանց ռիսկը մեծ է արդեն իսկ խոցելի ընտանիքներում:[…]
‼️Եվ այդ մասով պատասխանը հետևյալն է.
[…]Քրեական վարույթով իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, կատարվում է համակողմանի և անաչառ նախաքննություն այդ թվում Ձեր հարցման մեջ նշված հանգամանքների շուրջ։[…]
Չմիջամտելով նախաքննությանը, այնուամենայնիվ ես անձամբ և վստահ եմ շատերը ակնկալում են իմ նշած հարցերի պատասխանները, որպեսզի պետական գերատեսչությունները նույնպես զգան պատասխանատվության իրենց չափը և արդյունավետորեն կանխարգելեն նման դեպքերը»,-նշվում է հայտարարության մեջ: