Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկումը օբյեկտիվ առիթ է խոսելու ոչ միայն ոլորտը կարգավորող օրենսդրության, Գլխավոր դատախազության անելիքների, այստեղ առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների, մեր սպասելիքների, այլև, ընդհանուր առմամբ, մեր դատաիրավական համակարգի ներկայի ու արդարության մասին:
Առանց ավելորդ ճոռոմաբանության հարկ է արձանագրել, որ մեր դատաիրավական համակարգը անկախությունից ի վեր, անցնելով բարեփոխումների տարբեր, երբեմն՝ հակասական փուլեր, այսօր էլ գտնվում է կայացման փուլում, շարունակում է գործել մի միջավայրում, որտեղ բացակայում է, նվաճված չէ ամենաանհրաժեշտը՝ հանրային վստահությունը: Ուստի, բնավ էլ զարմանալի չէ, որ մեր երկրում ամենապահանջարկված իրողությունը մնում է արդարությունը, արդարադատությունը: Հանրային վստահություն, ահա և գլխավոր դատախազության և ողջ դատաիրավական համակարգի արդյունավետության գնահատման միակ անաչառ չափանիշը: Այլ օբյեկտիվ չափանիշ պարզապես գոյություն չունի, ինչպիսի հակափաստարկներ էլ բերվեն:
Ինչպես ցանկացած խնդրում, դատաիրավական ոլորտի խնդիրները քննարկելիս ևս կարելի է տասնյակ հանգամանքներ ու գործոններ վկայակոչել, որոնք օյեկտիվորեն պայմանավորում են ներկա ոչ մխիթար իրավիճակը՝ արդարության դեֆիցիտը, հիմնավորում են դրա օբյեկտիվությունը՝ գերատեսչությունների ու կառույցների լիազորությունների անարդյունավետ բաշխումից ու օրենսդրական բացերից մինչև կաշառակերությունը անխախտ, քարացած վարքագիծ դարձրած կադրերի առկայություն ու իրական բարեփոխումների հակված պրոֆեսիոնալների կուռ թիմի բացակայություն: Համոզված եմ, որ նմանատիպ բոլոր դեպքերում բերվող բացատրությունները ընդամենը մեկ նպատակ են հետապնդում՝ հիմնավորել անգործությունն ու հարմարվողականությունը, եթե անկեղծ լինենք՝ հիմնավորել նման նախատրամադրվածությունը: Ուշագրավ է նաև հանգամանքը, որ իրական, արդյունավետ աշխատանքի հակված, անկաշառ պրոֆեսիոնալների առաջխաղացումը դատաիրավական ոլորտում մշտապես ուղեկցվում է դարի հարցադրմամբ՝ կկարողանա՞ այս կամ այն անձը հաղթել համակարգին, թե՞ գոյություն ունեցող համակարգն ու բարքերն արագ ծնկի կբերեն նման կադրերին, ինչպես, ի հեճուկս մեր երկրի առաջընթացի, շատ հաճախ է լինում:
Գևորգ Կոստանյանի առաջադրումը Հանրապետության Գլխավոր դատախազի պաշտոնում, մի կողմից արթնացրել է լավատեսական սպասումներ ու հույսեր, մյուս կողմից, խոստովանենք, սրել է նույն հարցադրումը` կհաջողվի՞ նրան ջարդել դատախազության՝ տասնամյակներով կարծրացած գործելաոճը և ովքեր են լինելու նրա դաշնակիցները այդ բարդ ու ամբիցիոզ նպատակադրման գործում:
Պարոն Կոստանյանի իրավաբանական գիտելիքների, պրոֆեսիոնալիզմի, հարուստ փորձառության, աշխատասիրության, նպատակասլացության, համառության և աշխատանքային օրինակելի ու անկաշառ վարքագծի մասին կարելի է շատ խոսել: Ես կառանձնացնեմ Գևորգ Կոստանյանին բնորոշ ամենակարևոր հատկանիշը` աննահանջ պետականապաշտ մտածողությունն ու դրանից ածանցյալ, այս կյանքում առաքելություն ունենալու անսակարկ գիտակցությունը: Ահա այն հիմնաքարը, ահա այն բնական դաշնակիցը, ահա ուժի այն անսպառ աղբյուրը, որից օգտվելով հնարավոր է հաղթահարել մեծուփոքր յուրաքանչյուր խնդիր, քանդել փոփոխությունների անհնարինության մասին որևէ արգելապատնեշ, ծնկի բերել համակարգում տասնամյակներով կարծրացած անբարո բարքերն ու կաթիլ առ կաթիլ ժողովել հասարակության վստահությունը, առաջ մղել արդարությունը:
Պարո՛ն Կոստանյան, եթե չար մտադրումներն ու ազգակործան մտածողությունը մեր երկրում ունեն դաշնակիցներ, ապա բարի նպատակադրումն ու պետական իշխանության առողջացման նվիրումը, վստահաբար, էլ ավելի մեծ թվով դաշնակիցներ կունենան:
Կասկած չկա՝ խորհրդարանը պարոն Կոստանյանին կօժտի վստահության մեծ ու պարտավորեցնող մանդատով և դա կանի մեծ սպասելիքներով: Դա Հանրապետության նախագահի, մեր ժողովրդի հավաքական վստահությունն է ու նաև հավաքական սպասումը, որ պետական շահերն ու օրենքը չի ստորադասվի և ոչ մեկին, որ Ձեզ համար կլինի բացառապես մեկ սրբազան հեղինակություն, դա օրենքն ու արդարությունն է և ոչինչ ավելին: Ձեր նշանակմամբ պետական միջոցները դեռևս հափշտակող, իրականում մեր բոլորիս երեխաների ապագան գողացող մեծուփոքր պետական պաշտոնյաները այսօրվանից չպետք է գլուխները հանգիստ բարձին դնեն: Ձեր նշանակմամբ իրենք իրենց օրենքից ու ամեն ինչից վեր դասող յուրաքանչյուր անձ պետք է անգամ հետին զգայարաններով ընկալի պատժի անխուսափելիությունը:
Պարո՛ն Կոստանյան, մենք միասին շատ ենք խոսել մեր հանրային կյանքը թունավորող տարատեսակ երևույթների, օրինազանցությունների, դրանց անընդունելիության, մեր երկրի խոցերի ու հնարավոր լավ ապագայի մասին: Հիմա այդ ամենին Ձեր հավատարմությունն ապացուցելու ժամանակն է, Ձեր գործելու ժամանակն է: Բարին ընդ Ձեզ:
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ելույթը՝ ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի թեկնածության քննարկման ժամանակ:
Իրավաբան.net