Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը, որին հաջորդեց «Բարդ աշխարհակարգ» թեմայով դասախոսությունը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ Ռոմանո Պրոդին եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարնների պատվավոր դոկտոր է, և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը ևս հիմնված է վերջինիս ծավալած գիտամանկավարժական ու հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության, տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, գրանցած ձեռքբերումների և մեծ վաստակի վրա: 

Անդրադառնալով համագործակցության հեռանկաներին՝ ԵՊՀ ռեկտորը շեշտեց. «Այսպիսի մեծ հեղինակություն վայելող պրոֆեսորների այցը և դասախոսությունները ԵՊՀ-ում մեծապես բարձրացնում են թե՛ համալսարանի, թե՛ ընդհանրապես հայկական բուհական համակարգի հեղինակությունը և միջազգային վարկը: Հետագայում պրոֆեսորի հետ կարող ենք խորացնել մեր համագործակցությունը իտալական ու միջազգային այն բուհերի հետ, որտեղ նա պատվավոր դոկտոր է»:

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց, որ պատվավոր դոկտորի կոչումի շնորհումը հավասարապես պատվաբեր է թե՛ ընդունողի, թե՛ հանձնողի համար: 

«Այս ամենի շնորհիվ ՀՀ-ն և ԵՊՀ-ն ևս մեկ կարևոր «դեսպան» կունենան միջազգային ասպարեզում, ինչը ենթադրում է տարբեր ձևաչափերով ու ուղղություններով համագործակցություններ՝ ակադեմիական, մշակութային, քաղաքական և այլն»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

Ռոմանո Պրոդին իր երախտագիտությունը հայտնեց շնորհված կոչման համար և շեշտեց, որ այն հիմք կլինի գիտակրթական և այլ ուղղություններով հետագա համագործակցությունների համար: Այնուհետև պրոֆեսորը դասախոսություն կարդաց «Բարդ աշխարհակարգ» թեմայով, որի ժամանակ ներկայացրեց իր պատկերացումները նոր աշխարհակարգի, այնտեղ ընթացող պարբերական փոփոխությունների, դրական ու բացասական երևույթների, պատերազմների և կոնֆլիկտների, աշխարհում ուժերի հարաբերակցության ու դրա պատճառահետևանքային կապերի վերաբերյալ: 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել