ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները:
Մասնավորապես, 2023թ․ սեպտեմբերի 10-ին` ժամը 23:02-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության պաստառները` պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ, 2023թ. սեպտեմբերի 10-ին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։
2023թ․ սեպտեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է:
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Կատարվում է նախաքննություն։ Առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: