Արդարադատության համակարգում հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից. Գ. Կոստանյան

«Ընդհանրապես, մարդկության պատմության համար շրջադարձային իրադարձություն է համարվում այն գաղափարի հաստատումը, որ քաղաքակիրթ հասարակության մեջ մեկ անձի նկատմամբ կատարված հանցանքը, հանցանք է բոլորի նկատմամբ: Եվ այս գաղափարի պաշտպանության վրա է կառուցվում ընդհանրապես ցանկացած երկրի դատական համակարգ, այլապես մենք ունենում ենք մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուր ոք ինքնուրույն է պաշտպանվում հանցագործություններից, իսկ սա իր հերթին բերում է մի իրավիճակի, որ գործում է ուժեղի իրավունքը, ինչը հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը և հետևաբար բացարձակ անընդունելի է»,- Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ ցավոք, մեր պետության առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք առկայությունը դեռևս թույլ չի տալիս ունենալ մի այնպիսի պետություն, որտեղ բոլորն ապրում են ապահով և բարեկեցիկ կյանքով: Մեր առջև ծառացած խնդիրներից շատերն ունեն օբյեկտիվ պատճառներ և ինչ-որ չափով կարող են կապնվել մեզանից անկախ հանգամանքների հետ, օրիակն՝ տնտեսական ոլորտում՝ փակ սահմանները, անվտանգության ոլորտում՝ թշնաբար տրամադրված հարևաննները, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ և այլն:

«Սակայն կա մի ոլորտ, որտեղ հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից, չկան օբյեկտիվ խոչընդոտներ, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են. դա արդարադատության համակարգն է:

Ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու ճանապարհին, որտեղ ապահովված է իրավունքի գերակայությունը, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ և հարգված է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են և այս հարցում մեզ ոչ մեկ չի խանգարում, նշանկություն չունեն ոչ փակ սահմանները, ոչ աշխարհաքաղաքական իրավիճակը:

Պատասխանատուն միայն մենք ենք և պետք է պահանջենք միայն և բացառապես մեզանից»,- նշեց Գևորգ Կոստանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել