Հանքարդյունաբերության ոլորտի բոլոր բնագավառներում առաջընթացի հիմնական ուղիները 5-ն են

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանով (մինչև 2035 թվականը) նախանշված են ռամավարության իրագործման ուղիները։ Այդ ուղղությունները նախանշում են ոլորտի բոլոր բնագավառներում առաջընթացի հիմնական ուղիները։

Համաշխարհային շուկայում նորարար և մրցունակ հանքարդյունաբերության ոլորտի կայացում և զարգացում (շահութաբերության և կայուն արդյունահանման իր աշխատակարգերով)

Հայաստանում, ինչպես մի շարք երկրներում, հանքավայրեր շահագործում են մասնավոր կազմակերպությունները: Այդ տնտեսվարողներն իրենց գործունեությունը ֆինանսավորում են հիմնականում սեփական միջոցների և երկարաժամկետ վարկերով կատարվող ներդրումների հաշվին: Ոլորտի արդյունավետ գործունեության նախապայմանը ներդրումների եկամտաբերությունն է ներդրողի համար: Միևնույն ժամանակ արտասահմանյան ներդրողները նախքան ներդրում կատարելու որոշում ընդունելը կարևորում են ոչ միայն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի ծախսային ու եկամտային կողմը, այլ նաև բնապահպանական և սոցիալական կառավարման հիմնահարցերը:

Շահութաբեր և մրցունակ հանքարդյունաբերության գրավական են`
ա) այլ հավասար պայմաններում միջազգային և այլ արտադրողների համեմատ ծախսային բաղադրիչով մրցունակությունը,
բ) կատարված ներդրումների եկամտաբերության մրցակցային մակարդակը` միջազգային այլ ծրագրերի համեմատ,
գ) ներդրումային ռիսկերի արդյունավետ կառավարումը,
դ) արդյունահանման աշխատանքների կայուն կերպով կազմակերպումը (ռեսուրսների արդյունավետ օգտագործման, հողային շերտի նվազագույն խախտվածության, աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև հանքերի փակման և ռեկուլտիվացիայի առաջավոր փորձի կիրառման միջոցով),
ե) ժամանակակից արտադրական տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես բուն արդյունահանման, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջության պահպանության բնագավառներում,
ե) շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և անվտանգ հանքարդյունաբերության ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների մշակումը, ներդրումը և անցնցում կիրարկումը:

Պետության կողմից արդյունավետ ու գործուն կերպով կարգավորվող հանքարդյունաբերություն, որտեղ հավասարակշռված է շահութաբեր գործունեություն ծավալելու ազատությունը

Կառավարության դերն առանցքային է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղին նախանշելու հարցում: Սույն ռազմավարությամբ սկզբնական փուլում Կառավարությունը պետք է ակտիվ դեր կատարի հանքարդյունաբերության ոլորտի կառավարման գործընթացում: Այս վաղ փուլում են ընդերքօգտագործողները ծանոթանում տվյալ երկրում գործունեություն ծավալելու պայմաններին: Համայնքները սովորում են, թե ինչպես ապահովել իրենց շահերի պաշտպանությունը: Այնուամենայնիվ, երբ հանքարդյունաբերության ոլորտն արդեն պատրաստ է անցում կատարել զարգացման հաջորդ փուլին բնապահպանական, սոցիալական և կառավարչական կատարողականի հիման վրա, պետության դերը փոխվում է ընդերքօգտագործման բոլոր կողմերը կարգավորողի դերից դեպի նորմեր կամ խաղի կանոններ սահմանողի դերի: Կառավարությունն անցում է կատարում ընդերքօգտագործման առանձին փուլերի միկրոկառավարումից դեպի ընդերքօգտագործող կազմակերպություններին աջակցության տրամադրում` գործընթացներից անցում կատարելով վերջնարդյունքների սահմանման: Այդ աջակցությունը ենթադրում է կապիտալի հասանելիության ապահովում, որակավորված աշխատուժի պատրաստում, վերապատրաստումների ապահովում, արտադրանքի իրացման համար նոր շուկաների բացահայտում, ներդրողների ներգրավում և այլն:

Եկամտաբերություն ապահովող գործառույթները, բիզնեսի կառավարումը և ռազմավարության իրագործումը ընդերքօգտագործողի անմիջական պարտականությունն է, իսկ Կառավարությունը պետք է հիմնականում սահմանի վերջնարդյունքները, միջավայր և պայմաններ ստեղծի դրանց հասնելու գործընթացում:

Հանքարդյունաբերություն, որն ապահովում է համընդհանուր կայուն զարգացման հնարավորություններ

Ինչպես նշված է ուղենիշային սկզբունքներում, կայացած հանքարդյունաբերությունը պետք է նպաստի երկրի տնտեսական աճին, համայնքների և տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը:

Հետևաբար, քաղաքականության ուղղությունն ունի ավելի մեծ թիրախներ, օրինակ` համատեղ օգտագործվող ենթակառուցվածքների ձևավորում (որոնցից համատեղ կօգտվեն համայնքներն ու ընդերքօգտագործողները), վերականգնվող էներգակիրների անցման ապահովում (և հանածո վառելիքից հրաժարում), ջրային ռեսուրսների պահպանում, ջերմոցային գազերի արտանետումների վերահսկում և այլն: Հայաստանի պարագայում, ինչպես արդեն նշվեց, մոտեցումը պետք է լինի մեկ ոլորտից կախվածության նվազեցումն ու դիվեսիֆիկացիան, ինչը կօգնի ձևավորել ավելի դիմակայուն տնտեսություն:

Վերոնշյալ ուղիները հանդիսանում են հայեցակարգային դրույթներ, որոնք ընկած են ռազմավարական նպատակների ձևավորման հիմքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել