Ազդարարներն ու նրանց փոխկապակցված անձինք ունեն պաշտպանության իրավունք

Ազդարարներն ու նրանց փոխկապակցված անձիք ունեն պաշտպանության իրավունք, այդ թվում՝ դատական։

«Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված է ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության իրավունքը

10-րդ հոդվածի համաձայն՝ ազդարար ֆիզիկական անձին տրվող պաշտպանությունը տարածվում է ազդարար իրավաբանական անձի վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է դրա նկատմամբ:

Ազդարարն ունի իր անձնական տվյալների գաղտնիության, վնասակար գործողություններից և դրանց հետևանքներից պաշտպանության իրավունք:

Ազդարարը, որ հաղորդում է ներկայացրել, կամ որի հաղորդումն ուղարկվել է քրեական հետապնդման մարմիններ, ենթակա է պաշտպանության Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Յուրաքանչյուր պայմանագիր կամ պայմանագրի դրույթ, որը միտված է անձին ազդարարման կամ ազդարարի պաշտպանության իրավունքից զրկելուն կամ այն սահմանափակելուն, առ ոչինչ է:

Ազդարարի հետ փոխկապակցված անձն ազդարարի պաշտպանության միջոցներից օգտվելու իրավունք ունի, եթե ողջամտորեն հիմնավորում է, որ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով իր դեմ կարող են կատարվել վնասակար գործողություններ:

Նույն օրենքի 11-րդ հոդվածով էլ սահմանված է ազդարարի անձնական տվյալների պաշտպանությունը անանուն հաղորդում ներկայացնելիս։

Անանուն հաղորդում ներկայացնելիս երաշխավորվում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը ինչպես իրավասու մարմնին, այնպես էլ այլ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ազդարարը բացահայտում է իր անձնական տվյալները:

Իրավասու մարմինն իրավունք չունի միջոցներ ձեռնարկելու անանուն հաղորդում ներկայացրած ազդարարի անձնական տվյալները բացահայտելու ուղղությամբ:

Դատական պաշտպանության իրավունք ունեն ոչ միայն ազդարարները, այլև նրա հետ փոխկապակցված անձինք։

Ազդարարը, որի դեմ ազդարարման հետ կապված ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:

Ազդարարի հետ փոխկապակցված անձը, որի դեմ ազդարարի հետ ունեցած կապի պատճառով ձեռնարկվել է վնասակար գործողություն, ունի դատական պաշտպանության իրավունք:

Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց դատական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազդարարել կարելի է նաև անանուն, օրինակ azdararir.am հարթակի միջոցով։

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել