Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ահազանգի հետքերով մեկնել են Տիտոգրադյան փողոց:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Շենքերից մեկի հետնամասում նկատել են երեք երիտասարդի, որոնցից մեկը ոստիկաններին տեսնելով՝ փորձել է նետել պայուսակն ու աննկատ հեռանալ: Պարեկները, վիճաբանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել երիտասարդներին: Բաժնում նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: