Կրթության և գիտության ոլորտում գրանցած ցանկացած հաջողության պետք է արժանացնել հատուկ վերաբերմունքի, հեղինակներին ընդգծված գնահատանքի, իսկ առաջնահերթ պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները հաջողություններ ունենալու համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Պոլիտեխնիկի տարբերանշանով պատրասված ձեռքի ժամացույց հուշանվերով եմ պարգևատրել ՀԱՊՀ Ավագ դպրոցի Ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար, վաստակաշատ մանկավարժ Ալֆրեդ Պետրոսյանին և Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացած մեր դպրոցի սան Հովսեփ Կարապետյանին:
Հովսեփին առաջարկել եմ սեպտեմբերից աշխատանքային կարգավիճակով ներգրավվել Ֆիզիկայի լաբորատոր աշխատանքների կազմակերպման և օլիմպիական խմբակի հատուկ դասընթացների անցկացման գործում:
Սա կադրային երիտասարդացման լավագույն ճանապարհն է:
Միջոցառմանը ներկա էր բարերար Գաբրիել Չեմբերջյանը ում շնորհիվ ամիսներ առաջ ամբողջությամբ վերանորոգվեց և կահավորվեց ֆիզիկայի լաբորատորիան»,-նշել է նա: