Ավտոկայանատեղիներում ապօրինի գումար գանձողները տուգանվում են և զգուշացվում․ քաղաքապետարան

Ավտոկայանատեղիի համար սահմանված վճարից բացի կայանման համար այլ գումարի գանձումն արգելվում է: Չնայած օրենքի պահանջին՝ որոշ քաղաքացիներ, ներկայանալով որպես կայանատեղիի աշխատակից, արգելանշաններ են տեղադրում, փորձում ուղղորդել՝ որտեղ ու ինչպես կայանել՝ դրա դիմաց ստանալով որոշակի գումար: Խնդիրը հատկապես սուր է կենտրոնում: Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է ամենօրյա ստուգայցերը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված է տուգանք՝ 70-100 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 200 հազար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

100-200 դրամից մինչև մի քանի հազար դրամ. վարորդի առատաձեռնությունից է կախված օրվա եկամուտը: Անօրինական գործունեությամբ զբաղվելու համար իրավախախտները տեղում նույնականացվում են և տուգանվում: Քաղաքապետարանի նպատակը, սակայն, ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ օրենքի համաձայն հասարակական կարգի պահպանումը: Համայնքը պատրաստ է անգամ աջակցել համայնքային հիմնարկներում աշխատանքի տեղավորման գործում:

Կայանատեղիների ու ճանապարհային անվտանգության մյուս խնդիրը կանգնակներն են: Օրվա ընթացքում նույն հասցեում շրջիկ խմբերը լինում են մի քանի անգամ: Աբովյան-Սայաթ Նովա փողոցների միջբակային տարածքում կանգնակներն արդեն 3-րդ անգամ են դուրս բերվում:

Երևանի քաղաքապետարանն ամեն օր շարունակելու է հսկողությունը՝ մինչև խնդրի լուծումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել