ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը։
«Ս.թ. օգոստոսի 15-ին ՀԱՊ անդամ Աշոտ Մելիքյանը տարածել է ՀԱՊ Կանոնադրության կոպիտ խախտումներով օգոստոսի 14-ին հրավիրված «պատվիրակների ժողովի նիստի» արձանագրություն, ըստ որի իբր, Գայանե Աբրահամյանը ընտրվել է ՀԱՊ նոր համակարգող։
Այս ապօրինի միջոցառման վերաբերյալ ՀԱՊ Քարտուղարության խորհուրդը դեռ օգոստոսի 13-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր արել ՀԱՊ անդամներին և Հայաստանի պատվիրակներին «չմասնակցել օգոստոսի 14-ին կայանալիք անօրինական գործընթացին, քանի որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը ունի գործող համակարգող, ուստի ՀԱՊ համակարգողի ընտրության օրակարգով պատվիրակների ժողովի անցկացումը ոչ իրավաչափ է և ինքնիրավչության դրսևորում, իսկ ժողովում կայացրած ցանկացած որոշում՝ առոչինչ»:
ՀԱՊ Քարտուղարության խորհուրդը հիշեցրել էր, որ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանին անվստահություն հայտնելու և նրա լիազորությունները դադարեցնելու մասին «ԱլԳ ՔՀֆ Հայաստանի պատվիրակների ժողովի հունիսի 23-ի որոշումը» օրինական ուժ չունի, քանի որ Հովսեփ Խուրշուդյանի լիազորությունները դադարեցնելու մասին առաջարկն արդեն քննարկվել եւ քվեարկվել էր 2023թ. հունիսի 9-ին Պատվիրակների ժողովում եւ չէր ընդունվել:
ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու հարցը չէր կարող երկրորդ անգամ քվեարկվել Պատվիրակների հունիսի 23-ի ժողովում առանց ՀԱՊ գերագույն մարմնի՝ ՔՀՖ-ի Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի (ՀԱՊ համաժողովի) թույլատվության կամ լիազորման: Մինչդեռ ս.թ. հունիսի 23-ին կայացած ՀԱՊ համաժողովը իր որոշմամբ չլիազորեց ՀԱՊ Պատվիրակների ժողովին որոշում կայացնել հունիսի 9-ի Պատվիրակների ժողովում ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցով կայացած քվեարկության վերաքվեարկման վերաբերյալ:
Բացի դա, մատնանշված «Պատվիրակների՝ հունիսի 23-ի ժողովը» ապօրինի է՝ առանց վերապահումների, նաև այն հիմնավորմամբ, որ 18 պատվիրակները ծանուցված են եղել հունիսի 23-ին նախատեսված պատվիրակների ժողովի, դրա վայրի ու ժամի մասին, իսկ այդ վայրն էր Արհմիությունների Կոնֆեդերացիայի 8-րդ հարկի դահլիճը, իսկ ժամը՝ 16:30-ը, մինչդեռ այդտեղ եւ նշված ժամին պատվիրակների նիստ տեղի չի ունեցել, քանի որ 10 պատվիրակները լքել են նշված վայրը եւ հավաքվել այլ տեղում, առանց այդ մասին տեղյակ պահելու մյուս 8 պատվիրակներին, ինչը ՀԱՊ կանոնադրության, եւ, ընդհանրապես, որոշումների կայացման ընթացքում թափանցիկության եւ ներառականության ապահովման կոպիտ խախտում է: Որպես ապացույց ՀԱՊ Քարտուղարությունը ներկայացրել է համապատասխան ձայնագրությունը:
Ի հավելումն վերոգրյալի. Եվրամիության ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահները եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության տնօրենը հունիսի 22-ին տեղեկացրել էին իրենց դիրքորոշման մասին՝ առ այն, որ անհրաժեշտ է զերծ մնալ ՀԱՊ-ում ստեղծված իրավիճակի շուրջ հետագա գործողություններից, ինչի մասին ես, որպես ՀԱՊ համակարգող տեղյակ եմ պահել հունիսի 23-ին կայացած ՀԱՊ համաժողովի անդամներին և պատվիրակներին։ Ընդ որում, նրանք իրենց կարծիքը հայտնել են գրավոր՝ նամակի տեսքով, այնպես որ Աշոտ Մելիքյանի տարածած «արձանագրության» մեջ Միքայել Հովհաննիսյանի արձանագրված այն պնդումը, թե «իր հետ զրույցում Բրյուսելի ԱԼԳ ՔՀՖ քարտուղարության ներկայացուցիչները հստակ պարզաբանել են, որ հորդորը եղել է ուղղված Հովսեփ Խուրշուդյանին եւ վերաբերել է կանոնադրական փոփոխություններին»՝ չի կարող լինել արժանահավատ եւ կարիք ունի լրացուցիչ պարզաբանման ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության տնօրենի կողմից:
Ամեն դեպքում, որպես ՀԱՊ համակարգող ես եւս կիսում եմ ՀԱՊ Քարտուղարության խորհրդի դիրքորոշումը եւ ՀԱՊ համակարգողի ընտրության օրակարգով պատվիրակների ժողովի անցկացումը համարում ոչ իրավաչափ և ինքնիրավչության դրսևորում, իսկ ժողովում կայացրած ցանկացած որոշում՝ առոչինչ:
Հայաստանի քաղաքացիական հասարակության դավանած ժողովրդավարական արժեքների տեսանկյունից անընդունելի այս գործընթացը ոչ այլ ինչ է քան քաղաքական հետապնդում, որը սկսվել է դեռ ս.թ. մայիսի 25-ին իմ դեմ անսպասելի կազմակերպած, սակայն տապալված, արտաքին պատվեր հիշեցնող հարձակումից: Այդ հետապնդման նպատակն է՝ կասեցնել իմ ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությունում Եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղման, այդ օրակարգի շուրջ քաղաքացիական եւ քաղաքական ուժերի համախմբման, ինչպես նաեւ Հռոմի ստատուտի վավերացման ուղղությամբ: Դա հաստատվել է ոչ միայն իմ պարզաբանումներում բերված փաստերով, 14 կազմակերպությունների պահանջագրի այլեւ 10 պատվիրակներից մեկի, ով նախկին իշխանությունների օրոք աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, հունիսի 23-ի Համաժողովին հնչեցրած արտահայտությամբ, որ իրենք չեն միացալ իմ նախաձեռնած հայտարարությոններին՝ դրանց ՙՙհակառուսական բնույթի՚՚ պատճառով: Ընդհանուր առմամբ, 14 կազմակերպությունների պահանջագրում նշված բոլոր մեղադրանքները կամ պարզ սուտ եւ զրպարտություն էին, կամ մանիպուլյացիա, որոնք ես հանգամանալից հերքել եւ մերժել եմ իմ տված պարզաբանումներում:
Քանի որ ս.թ. հունիսի 23-ից ի վեր ՀԱՊ-ը ունի Էթիկայի խորհուրդ, իսկ իմ դեմ մայիսի 25-ին հրապարակված զրպարտչական մեղադրանքների հիման վրա ոչ-իրավաչափ, իմ եւ Հայաստանի ազգային պլատֆորմի հեղինակությանը վնասող գործընթացը շարունակվում է նաեւ հունիսի 23-ից հետո, ես պատրաստվում եմ դիմել ՀԱՊ Էթիկայի խորհրդին վերը հիշատակած պահանջագիրը ստորագրած ՀԱՊ անդամներին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Առանձին դիմում ես ներկայացնելու եմ ՀԱՊ Էթիկայի հանձնաժողովին ԵՊՀ պրոռեկտոր, ՀԱՊ-ում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ներկայացնող Միքայել Հովհաննիսյանի՝ ՀԱՊ-ը պառակտելուն եւ ՀԱՊ բնականոն գործունեությունը կաթվածահար անելուն միտված գործունեության, ինչպես նաեւ ի պաշտոնե, որպես 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ հիմնադրամ հանդիսացող ԵՊՀ-ի պրոռեկտոր հանդիսանալով ՀԱՊ անդամակցության հետ անհամատեղելիության հիմքով ՀԱՊ-ից հեռացման հարցով: Հիշեցնեմ, որ ս.թ. հունիսի 19-ին տեղի ունեցած ՀԸԳՀ/ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նսիտը որակյալ մեծամասնությամբ որոշում է կայացրել դադարեցնել Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը՝ անհամատեղելիության և Պլատֆորմի հեղինակությանը էական վնաս պատճառելու ռիսկի հիմքերով: Եւս մեկ դիմում ես ներկայացնելու եմ ՀԱՊ Էթիկայի հանձնաժողովին՝ Գայանե Աբրահամյանին պատասխանատվության ենթարկելու հարցով՝ իմ հասցեին մայիսի 25-ի համաժողովին հրապարակային արտահայտած եւ հուլիսի 18-ին ՀԱՊ մեյլ-խմբում գրած զրպարտչական մեղադրանքների մասով»: