Ինչպե՞ս են ընտրվելու Երևանի ավագանին և քաղաքապետը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ սեպտեմբերի 17-ին Երևանում ավագանու ընտրություններ են անցկացվելու։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, թե ինչ կարգով են ընտրվում Երևանի ավագանու անդամները, ինչպես պետք է ընթանա քարոզարշավը և ինչպես է ընտրվելու քաղաքապետը։

Կարևոր է հիշել, որ քաղաքացիները սեպտեմբերի 23-ին քաղաքացիները ոչ թե քաղաքապետի են ընտրելու, այլ ավագանի։ Երևանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարն էլ դառնում է քաղաքապետ կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։

Iravaban.net-ը հայտնում է, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։ Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը։ Բացի այդ, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների եթերաժամից` ոչ ավելի, քան 15 րոպե:

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցությունն իրավունք ունի վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե: Ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով եթերային ժամանակ տրամադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Երևանի ավագանի ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին.

5) Երևանի ավագանու ընտրությունները չկայացած ճանաչելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։

Քաղաքապետի ընտրությունը

Ինչպես արդեն նշել ենք, քաղաքապետն ընտրվում կամ նշանակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումից ու ավագանու ձևավորումից հետո՝ ավագանու կազմից։

Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Այն դեպքում, երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հակառակ դեպքում՝ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել