ՀՀ-ում գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին ՀԾՀ ստանալու հնարավորություն կստանա․ նախագիծ

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում։

Iravaban.net-ը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն ՀԾՀ հատկացնելու համար ևս հիմք սահմանելու նպատակով:

Նշվում է, որ համարանիշը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին։

«Նման պայմաններում կարգավորումից դուրս են մնացել այն օտարերկրյա անձինք, որոնք օրինական հիմքով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (մուտքի վիզայի ժամկետում ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները և այլ):

Մինչդեռ, համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածի հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է հետևյալ ծառայություններն իրականացնելիս՝

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ,

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ (բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների),

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ,

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

Վերոգրյալով պայմանավորված՝ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից վարվող համակարգերի ծրագրային ապահովումն իրականացվում է ՀԾՀ-ի հենքով:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիները կարող են իրենց իրավունքներն իրացնել բացառապես ՀԾՀ ունենալու միջոցով, որպիսի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ սահմանել Օրենքում:

Անհրաժեշտ է նկատել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվող օտարերկրացիներին տրամադրվում է ՀԾՀ, մինչդեռ Օրենքում բացակայում է համապատասխան դրույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում միևնույն իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերը համապատասխանեցնելու նպատակով Օրենքում կատարել համապատասխան լրացում:

Մասնավորապես՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում՝ նախատեսելով Հայաստանի Հանրապետությունում նաև գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել