Կառվարությունը օգոստոսի 11-ի նիստին որոշում է ընդունել, որով սահմանվել է անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման կարգը, որը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-595-Ն օրենքի կիրարկումն ապահովելն է:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքով լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածում և սահմանվել է, որ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով։
Ձեզ ենք ներկայացնում սահմանված կարգը՝ ամբողջությամբ․
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ
1․ Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման հետ կապված հարաբերությունները։
2․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը պարտադիր է հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար։
3․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումն անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների վիճակի (մնացորդի) և շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է` գործառնությունների, այլ դեպքերի և իրադարձությունների համընդհանուր և փաստաթղթային հաշվառման միջոցով։
4․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառման գրանցումները կատարվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերի և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործարքների և գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը։
5․ Սույն կարգի կիրառության իմաստով ակտիվներ և պարտավորություններ են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ակտիվները և պարտավորությունները։
6․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույթների հիման վրա, իսկ դրանց կիրառության առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում՝ հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա։
7․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարվում է անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման միջոցով։
8․ Անալիտիկ (վերլուծական)հաշվառում է համարվում առանձին միավոր ակտիվի և առանձին միավոր պարտավորության սկզբնական և հաշվեկշռային արժեքի հաշվարկման միջոցով հաշվառման վարումը` արտացոլելով դրա հաշվարկումն ու հետագա փոփոխությունները։
9․ Սինթետիկ (ընդհանրացված) հաշվառում է համարվում անալիտիկ (վերլուծական)հաշվառման հիման վրա ակտիվների և պարտավորությունների խմբերի ընդհանրացված հաշվառումը՝ արտացոլելով հետագա փոփոխությունները։
10․ Ակտիվները և պարտավորությունները հաշվառվում են սկզբնական և հաշվեկշռային արժեքով՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված վերագնահատման դեպքերի։
11․ Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց։
12․ Անալիտիկ (վերլուծական) հաշվառման և սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները հավաքվում և համակարգվում են ժամանակագրական կարգով՝ էլեկտրոնային եղանակով:
13․ Ակտիվների և պարտավորությունների հաշվառումը որպես անհատ ձեռնարկատիրոջ ակտիվներ և պարտավորություններ համարելու առումով հիմք է ընդունվում գործարքի կողմ որպես անհատ ձեռնարկատեր հանդես գալու հանգամանքը։
14․ Հարկման հատուկ համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցած անհատ ձեռնարկատերերն ակտիվների և պարտավորությունների հաշվառումը վարում են հարկման ընդհանուր համակարգ անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից։