Օգոստոսի 9-ին Վարչական դատարան է ստացվել Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Լուսինե Բոյաջյանին։ Ապրես Գրիգորյանը պահանջում է վերացնել Գլխավոր դատախազի 313-Ա հրամանը, որով վերջինս ազատվել է աշխատանքից։ Բացի այդ, հայցի մեջ նշվում է նաև որակավորման հանձնաժողովի որոշումը վերացնելու մասին։ Հանձնաժողովը կարգապահական տույժ էր նշանակել դատախազի նկատմամբ։
Գլխավոր դատախազի՝ դատախազին աշխատանքից ազատելու հրամանում հղում է կատարվում «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին, որում նշվում է, թե ինչն է հիմք հանդիսացել Ապրես Գրիգորյանին աշխատանքից ազատելու համար․ «․․․9) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի նշանակումը»։
54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով էլ սահմանվում է, որ նրա նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել՝ պաշտոնից ազատման ձևով։
Հիշեցնենք, որ դատախազն աշխատանքից ազատվել է հուլիսի 14-ին։