ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը:
Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ արտահայտած հստակ և հրապարակային համաձայնությանը, հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը: Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է։
Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբավող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց և հանրությանը հետաքրքրող հարցերը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս է՝ կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ։