Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Փարիզի քաղաքապետի խորհրդական Ժան-Իվ Քամյուին

Հուլիսի 27-ին ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։

Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի։

Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախի հարցում մշտապես դրսևորվող համարձակ ու ազնիվ դիրքորոշման համար։

Կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել