Պետական տուրքի վճարման կարգը

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:

Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում:

Մինչև 0,5-ի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5-ից ավելիի դեպքում` դեպի մեծացում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել