ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքայնությունը նվազել է 1.2 անգամ:
Միաժամանակ, դեպքերի 71.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 28.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 77.8%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 22.2%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում: 80% դեպքերում պատճառը եղել է ծնողների անուշադրությունը։
Թունաքիմիկատներից թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է․
–մի՛ պահեք քիմիական նյութերը և թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում կամ խոհանոցում,
–պահպանե՛ք այդպիսի նյութերը բարձր տեղում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում՝ փակվող տուփերում,
–թույլ մի՛ տվեք ձեր երեխային խաղալ կենցաղային թունաքիմիկատների փաթեթներով,
–կարդացե՛ք կենցաղային քիմիկատների հրահանգները և տեղյա՛կ եղեք դրանց վտանգի մասին,
–թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
–լվացե՛ք և թունավոր նյութերով աղտոտված հագուստը պահե՛ք առօրյա հագուստից առանձին,
–թունավոր նյութերը մի՛ պահեք պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
–թունավոր նյութերը պահե՛ք գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցրե՛ք նախազգուշացնող պիտակներ և պահե՛ք սննդամթերքից հեռու։