2023 թվականի հուլիսի 26-ին` ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:
Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևովորվել է քննչական խումբ, կատարվում է նախաքննություն։
Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաև` դատաձգաբանական, դատահետքաբանական դատագենետիկական համալիր փորձաքննություններ։
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու և կատարվածին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: