ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Արբան» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․Ճամբարակ) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
– արտադրական շինությունում պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և անհրաժեշտության դեպքում ախտահանել,
– առաստաղի որոշ հատվածներում ծեփը եղել է թափված, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
– արտադրական շինությունների երկաթյա դռների մակերեսների ներկերը եղել են թափված և ենթարկված են եղել կոռոզիայի:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: