Որդեգրումը իրավաբանական այն ակտն է, որի համաձայն որդեգրողները և որդեգրվածները ձեռք են բերում ծնողների և զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ և պարտականություններ:
Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տեղավորման նախապատվելի ձևը։
Որդեգրում թույլատրվում է միայն երեխաների նկատմամբ և ելնելով նրանց շահերից՝ պահպանելով օրենքով սահմանված պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։
Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի որդեգրումը տարբեր անձանց կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ որդեգրումը ելնում է երեխաների շահերից։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու:
Օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո: