Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիների հետ բանակցություններ են վարում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիների հետ բանակցություններ է վարում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Ծնողները սակայն չցանկացան նրան լսել՝ ասելով, որ միայն Նիկոլ Փաշինյանի հետ են ուզում խոսել, քանի որ նրանց հարցերի պատասխանը միայն վարչապետը կարող է տալ։ Այնուհետև ծնողների հետ սկսեց խոսել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցիան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել։ Հուլիսի 19-ին նրանք նույնպես բողոքի ակցիա էին իրականացնում, փակել էին փողոցներ ու միայն խոստումից հետո, որ վարչապետը մեկ շաբաթվա մեջ կընդունի իրենց, ծնողները բացել էին ճանապարհը։

«Մենք իրեն (Նիկոլ Փաշինյանին- խմբ․) երկու հարց ունենք․ ո՞ւր են մեր տղաները, և ինչո՞ւ է դատական գործընթացը ձգձգվում, պետք է մեղավորներին պատժել։ 35 տղաներ անհետ կորած են, իսկ Անդրանիկ Մակարյանն անգամ կալանքի տակ չի և ազատ ներսուդուրս է անում, երևի, բարեկամական կապ կա վարչապետի հետ, որովհետև մինչև հիմա ոչ մի բան չի արվել»,- ասաց ծնողներից Անահիտ Ադոյանը։

Անհետ կորածների ծնողները հայտարարում են, եթե իրենք չընդունեն, դարձյալ ճանապարհ են փակելու։

«Երեխա ենք կորցրել, մեզ պատասխան տվեք։ Երեք տարի է՝ խաբված ապրում ենք։ Մեկ ժամ ժամանակ չուենցավ մեզ տրամադրելու, եթե իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) որդուն կորցնեին, այդպես չէր անի։ Փշալարի վրայով թռավ վարչապետ դարձավ։ Մեր տունը քանդելու համար ընտրեցինք։ Մայրերին չի ընդունում, արհամարհում է»,- վրդովվեց ծնողներից մեկը։

Ծնողների հետ խոսում է նաև ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել