Որևէ մեկը լիազորված չէ՝ մեր անունից որոշելու մեր ապագան․ պետնախարար

Ժամանակը ցույց տվեց, որ միջազգային հանրության պասիվությունն ու Հայաստանի Հանրապետության զիջողականությունը լրացուցիչ խթան հանդիսացան և խրախուսեցին Ադրբեջանին՝ դիմելու էլ ավելի կոշտ ու ծայրահեղ քայլերի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Արցախի Վերածննդի հրապարակից հայտարարեց պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Այդ պատճառով Արցախում սկսվեց համաժողովրդական շարժում, որը պետք է հիմք դառնա մեր զարթոնքին ու համախմբմանը։ Եվ այն արդեն իրականություն է»,-ասաց նա։

Պետնախարարը շեշտեց, որ պայքարը երկար կտևի և անհրաժեշտ է համախմբվել և ամրանալ, որպեսզի կարողանան հաղթահարել բոլոր մարտահրավերները։

«Խոնրահվում և հպարտանում եմ ձեզանով, որովհետև տեսնում եմ, թե ինչպես են որդեկորույս մայրերն իրենց արցունքները թաքցնում ու հպարտ կեցվածքով ու հայացքով հայրենասիրություն ու նվիրում կրթում։ Երբ հանուն մեր արժանապատիվ գոյության, զայրույթն ու ցավը ձեր մեջ խեղդելով՝ դուք ինչպես եք մի կերպ կերակրում ձեր երեխաներին, ինքներդ ձեր մտքերում կրկնելով, որ լավ է սոված և մերկ լինել, քան ապրել անհայրենիք ու առանց արժանապատվության։ Մենք կարողացել ենք վերահաստատել, որ Արցախն ու արցախցին չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, երբեք։ Ո՛չ այսօր, և ո՛չ էլ վաղը։ Սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացարկելի նախապայմանն է»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը։

Նա նշեց, որ իրենք հասկանում են, որ իրենց շահերը միջազգային հանրությանը ներկայացնողը Հայաստանի Հանրապետությունն է և աշխարհասփյուռ հայությունը։

«Այս պատճառով, Արցախի ժողովրդի անունից ուզում ենք դիմել Հայաստանի ժողովրդին, աշխարհում ապրող բոլոր հայերին, մեր դիրքորոշումը հայտարարել և մեր պահանջը հղել Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ դրանք ներկայացնելով կետ առ կետ։

  1. Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից։ Որևէ մեկը լիազորված չէ՝ մեր անունից որոշելու մեր ապագան, իսկ Արցախի ժողովուրդը Արցախի խաղաղասեր ժողովուրդը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը այդ հակամարտության կարգավորման գործընթացում։
  2. Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում։ Անընդունելի է ՀՀ-ի կողմից  Արցախը և Արցախի ժողովրդին Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած գրավոր կամ բանավոր հայտարարություն։ Դրանք կործանարար են Արցախի համար և դրանք նպաստում են Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ նորանոր հանցավոր արաքներ կատարելու։
  3.  Արցախի ժողովրդի ինքնապահպանությունն ու դրա հրամայականով ինքնորոշման իրավունքի իրացումը համայն հայության կամարտահայտությունն է և որևէ մեկը, որևէ իշխանություն, Արցախի, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքները՝ և ընդունելու որոշում Արցաախը հոշոտելուն պատրաստ, Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։
  4. Արցախի պահպանությունն ու պաշտպանությունը միայն Արցախի ժողովրդի համար չէ, այն անգնահատելի կարևորություն ունի ողջ հայ ժողովրդի ու նաև Հայաստանի Հանրապետության համար։ Արցախի ժողովրդի իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը, հարգելը և անվտանգությունը երաշխավորելը պետք է լինի, ոչ թե բանակցությունների հետևանք կամ արդյունք, այլ տարածաշրջանում խաղաղության հասնելու և վստահելի մթնոլորտում բանակցություններ վարելու պայման։ Հակառակ է կամ այլընտրանք է Արցախի ժողովրդին խոշտանգելոև, ֆիզիկապես ոչնչցնելու գնով հպատակեցնելու քաղաքականությունն է։ Ադրբեջանը բաց ու հրապարակայնորեն ցուցադրում է այն, ինչը սպասվում է հայերին ադրբեջանական հպատակության ներքով; Տեսեք և հրաժարվեք դրան նպաստելուց։
  5. Պահանջում ենք ՀՀ-ից՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մտահաղացումից և հարաբերությունների քաղաքական կարգավորման նման մոտեցումից։ Այդ մոտեցումն ունակ չէ ապահովելու տարածաշրջանում խաղաղությունը և Արցածի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ գոյությունը։ Ավելին՝ դա չի կարող երաշխավորել նույնիսկ ՀՀ-ի գոյությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմըշի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը։
  6. Մեր այս պնդումը փաստարկված և հիմնավոր է, դրա վառ ապացույցն այսօր Արցախում ստեղծված իրավիճակն է։ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունները և ՀՀ-ի դեմ ոտնձգությունները։ Գուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են շատ պետություններ, բայց ՀՀ-ի դիրքորոշումը կարևոր է այն առումով, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Արդբեջանը, տասնամյակներ շարունակ և հիմա Հայաստանին դիտարկում են որպես Արցախում ապրող հայ ժողովրդի շահերը ներկայացնողը և իրավունքները պաշտպանողը։ Հետևաբար Արցախը Ադրբեջանի տարածք չճանաչելը չի նշանակում, որ ՀՀ-ն տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին հրավիրեք ԱԳՆ և ներկայացրեք Լաչինի միջանցքում և Արցախում ստեղծված իրավիճակը՝ պահանջելով կոնկրետ գնահատականներ ոև քայլեր։ Դիմեք ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ միջնորդելով արտահերթ քննարկում՝ ապահովելու Արդարադատության միջասզգային դատարանի  2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կատարումը և Արցածի ժողովրդի անվտանգության երաշխավորումը։ Միջոցներ ձեռնարկեք Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափ վերադարձնելու ուղղությամբ։ ՌԴ-ի հետ համատեղ միջոցներ ձեռնարկեք Արցախում հումանիտար ճգնաժամը դադարեցնելու, դրա աղետալի ու ծայրահեղ ընթացքը կասեցնելու, Արցախը Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը ապաշրջափակելու ուղղությամբ։
  7. Հայրենիքում և դրանից դուրս ապրող մեր հայրենակիցներին խնդրում ենք՝ ոտքի կանգնել, տեր կանգնել Արցախ աշխարհին ու աջակից լինել տառապանքների ու մաքառումների մեջ գտնվող Արցախի ժողովրդին։ Ոտքի ելե՛ք, որպեսզի վաղը ափսոսանքով ու ամոթով չնայեք միմյանց երեսներին և մեր սերունդների աչքերին։
  8. ՀՀ-ի հարգելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, վերջին շրջանում մենք մեզ պատեպատ ենք տալիս, մեր ժողովուրդը պատռում է իրեն, որ բոլորիս ընկալելի լիննի, թե ինչ վիճակում է հիմա Արցախը։ Գուցե ձեզ թվում է, թե մենք ողբում կամ լաց ենք լինում, չմտածեք հանկարծ այդպես, մենք փորձում ենք կանգնած մնալ առանց ծնկների, որպեսզի դուք մեր պատճառով չկոտրվեք, չխեղդվեք և կարողանաք ուժ հավաքել մեր կողքին կանգնելու համար։ Գուցե մենք օր-օրի կորցնում ենք մեր գիտակցությունը, գունատվում ու հյուծվում ենք, բայց համոզված եղեք՝ մենք հայրենիքը երբեք չենք ուրանալու, և բացվելու է լուսապայծառ արևը, և շողշողալու են Արցախն ու արցախցին»,-ասաց նա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել