ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։
Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ասիական զարգացման բանկին՝ ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նվիրված և հետևողական աշխատանքը։ «Միջպետական նշանակության այս ճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային կապը հարևան Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի շնորհիվ եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կիրականացվեն՝ զարկ տալով պետության տնտեսության աճին, իսկ տեղական մակարդակում՝ առավել բարեկեցիկ դարձնելով մարզի բնակչության կենսակերպը»,-ընդգծել է նախարարը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ևս ընդգծել է հիմնանորոգված ճանապարհի կարևորությունը բեռնափոխադրման, զբոսաշրջային հոսքերի ավելացման տեսակետից։ «Բարելավված ճանապարհային ենթակառուցվածքը կհեշտացնի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները՝ տալով զարգացման լուրջ հնարավորություններ»,-ասել է Ավետիսյանը՝ իր հերթին երախտագիտություն հայտնելով ՀՀկառավարությանը, Ասիական զարգացման բանկին, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմին, շինարարներին, տեխնիկական հսկողությունն իրականացնողներին, մարզպետարաններին ու համայնքապետարաններին։
Ճանապարհի բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները ավտոբուսով շրջայց են կատարել հիմնանորոգված նոր ճանապարհով, ծանոթացել իրականացված ամբողջ աշխատանքի հետ, այդ թվում դիտարկել են քարաթափումից պաշտպանող ցանցերը։ Քարաթափման վտանգ ներկայացնող ճանապարհամերձ ժայռային զանգվածներին ամրացվել է շուրջ 31․5 հազ․ քմ պողպատե պաշտպանիչ ցանց, կառուցվել են շուրջ 750գմ բետոնե պաշտպանիչ պատեր։
Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողությունը կրճատվել է 11 րոպեով։