Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը

Առողջապահության նախարար Անահիտ Մանասյանի հրամանով հաստատվել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 22-ին։

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպություններում հաշվառելու և կավառումից հանելու կարգ

1. Սույն կարգով կարգավորվում են հոգեբուժական կազմակերպությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց (այսուհետ` անձ) հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Անձի հաշվառումն իրականացվում է անձի բնակության վայրի տարածքը սպասարկող արտահիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող հոգեբուժական կազմակերպության (այսուհետ` հաշվառումն իրականացնող կազմակերպություն) կողմից, բացառությամբ մինչև 18 տարեկան երեխաների:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող մինչև 18 տարեկան երեխաների հաշվառումն իրականացվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայության կողմից, բացառությամբ Շիրակի մարզում բնակվող մինչև 18 տարեկան երեխաների, որոնց հաշվառումն իրականացվում է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դիսպանսեր ծառայության կողմից:

4. Հաշվառումն իրականացնող կազմակերպությունում անձին հաշվառումն իրականացվում է հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:

5. Հոգեբուժական հանձնաժողովի կողմից անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշվելու դեպքում նրան տրամադրվում է մասնագիտական եզրակացություն, որը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով հաստատված հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող ախտորոշումներին և հիմք հանդիսանա հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառելու համար:

6. Անձին հաշվառելու և հաշվառումից հանելու տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում, ինչպես նաև հաշվառումն իրականացնող կազմակերպությունում վարվող մատյանում` սույն հավելվածի Ձևի համաձայն:

7. Հաշվառումն իրականացնող կազմակերպության կողմից անձին հաշվառելու և հաշվառումից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով տրամադրվում է անձի բնակության վայրի տարածքը սպասարկող հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող հոգեբուժական կազմակերպությանը` անձի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ:

8. Անձի մահվան դեպքում հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում անձի մահը հավաստող մահվան վկայականը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրված մահվան մասին տեղեկանքը, որի պատճենը կցվում է անձի ամբուլատոր բժշկական քարտին` բժիշկ-հոգեբույժի կողմից կատարելով համապատասխան գրառում:

9. Անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի կողմից անձին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում անձի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու փաստը հավաստող` Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձին տրամադրված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին» տեղեկանքը, որի պատճենը կցվում է անձի ամբուլատոր բժշկական քարտին` բժիշկ-հոգեբույժի կողմից կատարելով համապատասխան գրառում:

10. Հաշվառումից դուրս գալու նպատակով անձը ենթարկվում է հոգեբուժական հետազոտման` անձի հաշվառումն իրականացնող կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի կողմից:

11. Եթե անձի հաշվառումն իրականացնող կազմակերպությունում առկա է մեկ բժիշկ-հոգեբույժ և հնարավոր չէ ձևավորել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջներին համապատասխան հոգեբուժական հանձնաժողով, ապա հաշվառումից դուրս գալու նպատակով անձը ենթարկվում է հոգեբուժական հետազոտման` անձի բնակության վայրի տարածքը սպասարկող հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող հոգեբուժական կազմակերպությունում:

12. Հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն կազմելու նպատակով հոգեբուժական հանձնաժողովը անձի զննությամբ պատճառաբանված որոշում է կայացնում հաշվառումից դուրս գալու համար դիմող անձի հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական հետազոտման վերաբերյալ:

13. Հոգեբուժական հանձնաժողովը նշանակում է արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական հետազոտում մինչև 15-օրյա ժամկետով: Հետազոտման ընթացքում, անձի կողմից հոգեբուժական կազմակերպություն առնվազն երեք անգամ իրականացվող յուրաքանչյուր այցի ավարտին բժիշկ-հոգեբույժը անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք է ներկայացնում հոգեբուժական հանձնաժողով, որը անձին զննելու արդյունքում, համադրելով առկա բժշկական փաստաթղթերը և զննման արդյունքները, կազմում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:

14. Հոգեբուժական հանձնաժողովը նշանակում է հիվանդանոցային կամ ցերեկային ստացիոնարի պայմաններում հոգեբուժական հետազոտում մինչև 15-օրյա ժամկետով և հոգեբուժական հանձնաժողովի կողմից կազմվում է անձի հոգեկան առողջության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն:

15. Սույն կարգի 13-14-րդ կետերում նշված հոգեբուժական հետազոտման արդյունքում հետազոտվողի մոտ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչով հաստատված հոգեկան և վարքային խանգարումների դասին համապատասխանող ախտորոշումների բացակայության դեպքում (դեղորայքային բուժման բացառման պարագայում) հոգեբուժական հանձնաժողովի կողմից հետազոտվողին տրվում է «Ներկայում հոգեպես առողջ է» գրավոր մասնագիտական եզրակացությունը:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված «Ներկայում հոգեպես առողջ է» գրավոր մասնագիտական եզրակացությունը հիմք է հանդիսանում անձի հաշվառումն իրականացնող կազմակերպության բժիշկ-հոգեբույժի համար անձին հաշվառումից հանելու համար` համապատասխան գրառում կատարելով ամբուլատոր բժշկական քարտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել