Միջազգային դատարան դիմելու իրավունքը

Յուրաքանչյուր անձ, որ գտնում է, որ քրեական գործով օրենքով  սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի՝ այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

 

Վերջնական դատական որոշում է համարվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի կայացրած և ուժի մեջ մտած որոշումը։

Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված պահից։ Անձն այդ իրավունքը կորցնում է միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված դեպքերում և կարգով։

 

Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։

 

Անձը, որը մտադրություն ունի օգտվելու միջազգային դատարան դիմելու իրավունքից, ինչպես նաև նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից, ինչպես նաև տվյալ գործով դատական ակտեր ընդունած Հայաստանի Հանրապետության մյուս դատարաններից ձեռք բերելու տվյալ գործին առնչվող փաստաթղթեր, դրանց պատճենները, լուսապատճենները, կատարել քաղվածքներ դրանցից։

 

Միջազգային դատարան դիմելու հետ կապված ծախսերը կրում է դիմողը, եթե այդ դատարանի կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել