26-ամյա նախկինում չդատված Գրիգոր Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, ժամը 01:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գտնվող սննդի օբյեկտներից մեկի հյուրանոցային համարի սենյակում, ալկոհոլ օգտագործած վիճակում, Անի Օհանջանյանի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի և 138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ հիշյալ 34-րդ հոդվածի՝ հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Ինչպես նաև, 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, 26-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net