Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով և ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ստացած հրամանի կամ ցուցումի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաստատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով սահմանված քրեական պատասխանատվության:
Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատասխանատվությունը կրում է դրանք գրավոր հաստատած անձը: