Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունիսի 28-ին, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի վերաբերյալ դատավարությունը։
Այս նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Առաջինն ամբիոնին մոտեցավ վկա Իսրայել Սաֆարյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատակոչված վկան խոսեց ոստիկանության ծառայողներին հատկացված բնակարանների մասին։
Ըստ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի՝ 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելիս 15 միլիոն դրամով ձեռք է բերվել և իրացվել Գրիբոյեդովի փողոցում գտնվող մի բնակարան, որը հատկացրել է բնակարանի կարիք չունեցող, ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանին։ Բացի այդ, 2017-ի հուլիսին 10 միլիոն դրամով ձեռք է բերվել ևս մեկ բնակարան՝ Էջմիածնում։ Դա նույնպես նվիրել է բնակարանի կարիք չունեցող, իր բնակարանային պայմանները վատթարացրած ոստիկան Գարեգին Գասպարյանին։
2017-ին 10 միլիոն դրամով Ներքին Շենգավիթում ևս մեկ բնակարան է ձեռք բերվել։ Գասպարյանը նշված բնակարանը վերցրել է ոստիկանության հաշվեկշիռ, այնուհետև այն նվիրել է 6 օր առաջ ոստիկանության զորքերի նվագախմբի երաժշտի պաշտոնին նշանակված, երբևէ ծառայության վայր չներկայացած ենթասպա Քնարիկ Սասունյանին, որը «Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ է մատուցել»։
Իսրայել Սաֆարյանը ոստիկանության կողմից այն լիազորված անձն է եղել, ով նոտարական գրասենյակներում զբաղվել է նշված բնակարանների նվիրատվության գործընթացով․ «Տնտեսական վարչությունում եմ աշխատել, շինարարության բաժանմունքում։ Ոստիկանությունը շատ տարածքներ ուներ վարձակալությամբ վերցրած, մեր բաժնի վրա էր դրված այդ վարձակալության պայմանագրերի կնքման պարտականությունը»։
Վկան նշեց, որ ինքն առնչվել է 2 փաստաթղթի հետ․ լիազորագրի և ոստիկանապետի հրամանի։
Պատասխանելով հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանի հարցերին՝ նա նշեց, որ նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներն արժանահավատ են, իր վրա ճնշումներ չեն գործադրվել։
Նախագահող դատավորի հարցերին պատասխանելիս Իսրայել Սաֆարյանը հայտնեց, որ Ռաֆիկ Զաքարյանին և Գարեգին Գասպարյանին ճանաչում է, նրանց հետ է գնացել նոտարական գրասենյակ։
Հաջորդը դատարանում վկայություն տվեց Նելսոն Սարոյանը։ Վերջինս չգիտեր, թե ինչի մասին պետք է պատմեր դատարանում․ «Ի՞նչ պատմեմ, ինչի՞ համար պատմեմ»։
Դատավորը նշեց, որ դատավարության մասնակիցները, դատարանը չեն հուշելու, թե ինչի մասին նա պետք է դատարանում խոսի․ «Եթե չեք պատմի՝ կարձանագրեմ, որ հրաժարվում եք ցուցմունք տալուց»։
Դատավոր Վարդգես Սարգսյանը հորդորեց վկային իր կամքով իր ցուցմունքը շարադրել, որից հետո դատավարության մասնակիցները հարցեր կուղղեն նրան․ «Վատ վիճակի մեջ եք դնում։ Քանի տարի անցել է, չեմ հիշում՝ ինչ հարցեր են տվել»։
Այնուհետև վկան «հիշեց», որ 2001 կամ 2002 թվականին աշխատանքի է ընդունվել Ռազմական ոստիկանությունում, սակայն այլ աշխատանքի անցնելու բերումով չի ներկայացել ծառայության։ ՌՈ-ում աշխատել է մինչև 2018 կամ 2019 թվականը․ «2-րդ աշխատանքի անցնելուց հետո շարունակել եմ ՌՈ-ից վարձատրություն ստանալ 120-130 հազար դրամի չափով»։
Նա նշում է, որ սկզբում ամեն ամիս գնացել է ՌՈ, ստորագրել է և ստացել է աշխատավարձը։ Որոշ ժամանակ հետո աշխատավարձը բանկային քարտով է ստացել։ Նելսոն Սարոյանի խոսքով՝ նշված ամբողջ ժամանակահատվածում նա 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, Լևոն Սարգսյանի վարորդի պարտականություններն է կատարել։ Նա վարձատրություն է ստացել նաև Լևոն Սարգսյանից։ Վկան չհիշեց, թե որքան է վերջինիս վճարել Սարգսյանը։ Նելսոն Սարոյանը նաև նշեց, որ 2016 կամ 2017 թվականին ամբասիր ծառայության համար մեդալով է պարգևատրվել, սակայն չի հետաքրքրվել՝ ինչո՞ւ։
Նախագահող դատավորը հետաքրքրվեց՝ վկան դիմում է գրել աշխատանքի անցնելու վերաբերյալ, ընդունվել է աշխատանքի, սակայն նշում է, որ ոստիկանապետի հրաման չի եղել․ «Դուք որտեղի՞ց իմացաք, որ ՌՈ-ում աշխատանքի եք ընդունվել»։
Նելսոն Սարոյանի խոսքով՝ Կադրերի բաժնից զանգել են ու ասել՝ աշխատանքի է ընդունվել, ստացել է համազգեստ։ Վկան պնդում է, որ իրեն ոչ ոք չի ասել՝ աշխատանքի մի գնա․ «Իմ հրամանը լինելուց հետո որոշեցի չգնամ։ Կամուկացի մեջ էի․ մտածեցի՝ կարողա փոշմանեմ, հետ գնամ»։
Վկան դատարանին հայտնեց նաև, որ ենթասպայի կոչում է ստացել, նաև զենք է կրել։ Սարոյանը ծառայությանը ժամկետը երկարաձգելու վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել․ «Երբևէ համազգեստը չեմ կրել, զենքը չեմ օգտագործել»։
Վարդգես Սարգսյանի հարցերին պատասխանելիս նա նշեց, որ Լևոն Սարգսյանի մոտ աշխատելիս մոտ 100-200 հազար դրամի չափով աշխատավարձ է ստացել։ Դատավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ վերջինս չէր ազատվում ՌՈ-ում աշխատանքից, ինչո՞ւ էր երկարաձգում պայմանագրերը, եթե չէր պատրաստվում աշխատել․ «Սա եմ ուզում հասկանալ»։
Վկան նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի։ Դատավորը հարցրեց՝ ինչ-որ մեկը կա՞, որ ունի այդ հարցերի պատասխանը։ Նելսոն Սարոյանն արձագանքեց․ «Դժվար»։
Վկայի խոսքով՝ իր ստացած մեդալն էլ «սիրուն տեսք ուներ»։
«Ձեր ասածները ցավալի են իրականում, որովհետև ամբասիր ծառայության մեդալով պարգևատրվում են Պաշտպանության նախարարի հրամանով։ Ձեր պատասխաները վկայում են նաև մեդալի նկատմամբ Ձեր վերաբերմունքի մասին։ Այստեղ մարդիկ են նստած, այդ թվում՝ Ձեզ հարցաքննող անձը, ովքեր այդ մեդալին տարիներով սպասել են՝ անքուն գիշերներ ծառայելու արդյունքում»,-դատավորը վկայի հարցաքննությունն ավարտված հայտարարեց։
Վարդգես Սարգսյանը որոշում կայացրեց վկա Վահան Սարգսյանին բերման ենթարկելու և ևս 4 վկայի ծանուցելու մասին։
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 17-ին։