Քննարկվել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց վերաբերող հարցեր․ ՔԿԾ

Այսօր՝ հունիսի 13-ին, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադտության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանն ու հյուպատոսարանի այլ ներկայացուցիչներ: 

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Կողմերը քննարկել են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց ընտանիքների հետ հեռախոսակապի ապահովմանը, հացադուլներին և առողջական խնդիրներին առնչվող հարցեր: 

Հյուպատոս Սեյեդ Ալի Ֆալահին շնորհակալություն է հայտնել Սերգեյ Ատոմյանին՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բարձրացված հարցերը պատշաճ ուշադրության արժանացնելու, օտար երկրում նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև արտահանձնման գործընթացները ժամանակին կազմակերպելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծելու փորձի փոխանակման հնարավորություններ, որոնք կնպաստեն երկու հարևան երկրների՝ առավել համակարգված ոլորտային աշխատանքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել