«Նոր Զովք»-ի գործով նոր բացահայտում․ 5 անձ կալանավորվել է, ավելի քան 501 մլն դրամ հարկ չի վճարվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱՂ-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող ՀՂ-ի, ԼԱ-ի, ՍՀ-ի, հաշվապահներ ՆՄ-ի և ՄԱ-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հանցավոր մտադրությունն իրագործելու, խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար 2021թ մարտի 17-ից մինչև 2023թ փետրվարի 20-ը ներառյալ ԱՂ-ն ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր ՎՍ-ին։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր հաշվառման հասցեի՝ տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն։

Խանութներում ներդրված «1C» առևտրային ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում 5 ՍՊ ընկերությունների և մեկ ԱՁ-ի իրացման իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակվել են էլեկտրոնային սերվերային համակարգում, և հիշյալ հարկ վճարողների կողմից իրականացված վաճառքների մի մասը թաքցվել է ու չի ուղարկվել հարկային մարմին: Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ ԱՂ-ն, ՎՍ-ի օժանդակությամբ վերը նկարագրված ծրագրային ապահովման օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում ՀՂ-ի, ԼԱ-ի, ՍՀ-ի, ՆՄ-ի և ՄԱ-ի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք պահանջների խախտմամբ, թաքցրել է վերոնշյալ տնտեսվարողների իրացման իրական շրջանառությունը և առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկ չվճարելու նպատակով ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ԱՂ-ի և վերոնշյալ 5 անձանց  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

ԱՂ-ի և ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել