Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների նիստին։
Նա «Լուրերի»-ի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ Հայաստանը գումար է փոխանցել Ռուսաստանին՝ զենք ձեռք բերելու նպատակով, սակայն զենք ՀՀ չի ուղարկվել։
«Այնտեղ ՌԴ գործընկերոջ հետ, եթե տեղի ունենա երկկողմ հանդիպում տեղի ունենա, մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունների հարցեր։ Այս խնդրի լուծումը ավելի շատ կապում ենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանի կարողությունը զենք արտահանելու հետ կապված։ Մենք գնացել ենք այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով։ Մի մասով արդեն նույնիսկ արդյունքներ էլ ունենք։ Մի մասով դեռևս բանակցությունները շարունակվում են։ Այսինքն Հայաստանը, եթե խնդիր է ունենում այլընտրանքային լուծումներ է գտնում»,-ասաց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նաև խոսեց Հայաստանի ՀԱՊԿ-ում մնալու մասին։
«Այս պահին, մեր ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով չի սահմանափակում մեր համագործակցությունները տարբեր երկրների հետ, բայս ստեղծվում են որոշակի խնդիրներ։ Ինտենսիվ աշխատում ենք մեր արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ամրապնդելու համար։ Դժվար կլինի նպաստելու որևէ օրինակ գտնել 2020 թվականից հետո։ 3 լայնածավալ հարձակում է տեղի ունեցել ՀՀ-ի նկատմամբ, ու ՀԱՊԿ-ը ՀՀ-ին որևէ աջակցություն ցույց չի տվել։ Եվ վերջում, երբ Հայաստանը այլընտրանքներ է փնտրել, որոնել ու գտնել, ինչպես ԵՄ քաղաքացիական առաքելությունն է, ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը։ Հայաստանը երեք անգամ հարձակման է ենթարկվել, վերջում, այսպես կոչված՝ ռազմական դաշինքը Հայաստանին առաջարկում է փաստահավաք առաքելություն, սա առնվազն լուրջ չէ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։