Վերջին օրերին ոստիկանության երկու աշխատակիցների, մեղմ ասած՝ հակաօրինական վարքագիծը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի ոչ ֆորմալ բարքեր են տիրում ոստիկանության համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը։
«Բարեփոխված ոստիկանություն․ Չէ մի չէ՝ օրինականության կատարելություն։
Վերջին օրերին ոստիկանության երկու աշխատակիցների, մեղմ ասած՝ հակաօրինական վարքագիծը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի ոչ ֆորմալ բարքեր են տիրում ոստիկանության համակարգում։
Հայաստանի Հանրապետությանն իսկապես ծառայող օրինապահ հազարավոր ոստիկանների տքնաջան աշխատանքը գրոշի արժեք չունի և ամբողջությամբ արժեզրկվում է, քանի դեռ «Այ տղա» բառի համար ոստիկանի համազգեստի մեջ տեղավորված անձնավորությունը կարող է «Սամասուդ» անել ՀՀ քաղաքացուն։
Այսպիսի դրսևորումները վկայում են, որ Դուք ամբողջությամբ ձախողել եք ոստիկանական բարեփոխումները։
Ձեր փոխարեն առնվազն ներողություն կխնդրեի ՀՀ քաղաքացիներից այս խայտառակության համար։
Միլիարդավոր դրամներ են ծախսվում տարբեր տեսակի պարգևավճարների, ավտոմեքենաների ու զանազան այլ տեխնիկական միջոցների համար, սակայն ամենակարևորը՝ որոշ ոստիկանների էությունն ու կերպարը չի փոխվում, մնացել են նույն «Մուսկուլով ՄԵՆԹԸ»․․․
Ես ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից ոստիկանության երկու ներկայացուցիչների կողմից վերջին օրերի դրսևորած «հերոսությունների համար»․․․»,-նշել է նա։