170 օր շրջափակման մեջ

Արցախը 170 օր է շրջափակման մեջ է։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն էր

Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:
Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

Նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր` ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին

Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից 15 հիվանդ՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

12 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին Հայաստան՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Դեռևս տասնյակ բուժառուներ սպասում են իրենց հերթին:

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 170 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել