Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով:
Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով:
Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ):
Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս:
Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը:
Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը: Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը:
Մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս՝ վարորդը պետք է ճանապարհը զիջի դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ ճանապարհից մերձակա տարածք մուտք գործելիս` հեծանվորդներին: Երկու դեպքում էլ չպետք է ստեղծվի խոչընդոտ հետիոտների համար:
Վերադասավորման ժամանակ վարորդը պետք է ճանապարհը զիջի համընթաց, հարևան երթևեկության գոտիներով առանց ուղղությունը փոխելու երթևեկող տրանսպորտային միջոցներին: Համընթաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների միաժամանակյա վերադասավորման դեպքում ճանապարհը պետք է զիջի ձախից ընթացող տրանսպորտային միջոցի վարորդը:
Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.
2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից.
3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով: