Ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:
Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի`
1) հորիզոնական.
2) ուղղաձիգ:
Հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը, որպես կանոն, լինում է`
1) մշտական, որը սպիտակ գույնի է, բացի կառավարության որոշմամբ նախատեսված այլ գծանշումներից, որոնք դեղին, կարմի գույնի են, և ժամանակավոր գծանշումից, որը նարնջագույն է :
Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:
Եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:
Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:
Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով: Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:
Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ:
Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը: