Պաշտպանին կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ` անկախ ազգությունից, քաղաքացիությունից, բնակության վայրից, սեռից, ռասայից, տարիքից, քաղաքական և այլ հայացքներից ու գործունակությունից:
Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար:
Պաշտպանին իրավունք ունի դիմել ձերբակալում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձը:
Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը պետք է երաշխավորվի զորամիավորումներում, ձերբակալման վայրերում, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներում, ինչպես նաև հարկադրական պահման այլ վայրերում գտնվող անձանց հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու հնարավորությամբ: Պաշտպանի կամ նրա ներկայացուցիչների` այդ անձանց հետ խոսակցությունները ենթակա չեն միջամտության և գաղտնալսման:
Պաշտպանին բողոք ներկայացնելը կամ նրա միջամտությունը չպետք է հանգեցնի բողոքողի նկատմամբ քրեական, վարչական կամ այլ պատժամիջոցի կիրառման կամ որևէ խտրականության:
Պաշտպանին կարող են դիմել նաև իրավաբանական անձինք:
Իրավաբանական անձի անունից տրված բողոքը վերաբերում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, եթե իրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով խախտվել են նաև նրա մասնակից ֆիզիկական անձանց (բաժնետերերի, փայատերերի, անդամների և այլն), ինչպես նաև նրա պաշտոնատար անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կամ այդ անձինքիրավաբանական անձի իրավունքների խախտման հետևանքով վնաս են կրել, կամ առկա է այդ անձանց վնաս կրելու հնարավորությունը:
Ուրիշի իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել միայն այդ անձանց ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած անձանց ընտանիքների անդամներն ու ժառանգները:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել:
Պաշտոնատար անձինք իրավունք ունեն Պաշտպանին դիմել միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով: