Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարան ընդունելու հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմված համապատասխան փաստաթղթերը` քրեական հետապնդման մարմնի որոշումը կամ ձերբակալման մասին արձանագրությունը, դատապարտման մասին դատավճիռը:
Կարգապահական մեկուսարան չեն ընդունվում այն անձինք, որոնց վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման մասին արձանագրությունը, կալանքի դատապարտելու մասին դատավճիռը լրացված են խախտումներով, ինչպես նաև թվարկված որևէ փաստաթղթի բացակայության դեպքում: Յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձի վերաբերյալ կարգապահական մեկուսարանում կազմվում և վարվում է անձնական գործ, որում ներառվում են ձերբակալման և ազատման ամսաթվերը, անհատական քարտը, անձնական խուզարկության մասին արձանագրությունը, մատնադրոշմման տվյալները, հանձնուքի, տեսակցության մասին դիմումները, ինչպես նաև նրանց վերաբերող այլ փաստաթղթեր:
Կարգապահական մեկուսարան ընդունված` ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց մոտ թողնվում են այն առարկաները, իրերը և սննդամթերքը, որոնք թույլատրվում են պահել նրանց մոտ` խցերում` ներքին կանոնակարգով սահմանված քանակությամբ ու տեսականիով:
Ստացված ծանրոցները, հանձնուքները, սննդամթերքը, իրերը կարգապահական մեկուսարանի ծառայողի կողմից ենթարկվում են զննության և ստուգման: Ձերբակալված կամ կալանքի դատապարտված անձանց կարգապահական մեկուսարան ընդունելուց հետո կարգապահական մեկուսարանի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղյակ պահել նրանց մերձավոր ազգականներին կամ նրանց կողմից նշված անձանց: