Ե՞րբ կարող է կնքվել միջազգային պայմանագիր

Պետությունների միջև քաղաքական, տնտեսական և այլ բնույթի համագործակցության կազմակերպման առավել տարածված իրավաբանական ձևը միջազգային պայմանագրերի կնքումն է:

Պայմանագիրը միջազգային հարաբերությունների կարգավորման քաղաքական և իրավական կարևորագույն միջոցների մեկն է, որի օգնությամբ լուծվում են առավել կարևոր և բարդ հիմնախնդիրները: Այն միջազգային հարաբերությունների կառավարման ամբողջ համակարգի գործողությունն ապահովող գործիք է:

Պայմանագրերով կարող է կարգավորվել պետությունների և միջազգային իրավունքի մյուս սուբյեկտների իրավահարաբերությունների ոլորտի ցանկացած հարց: Միաժամանակ, ժամանակակից միջազգային իրավունքը նախատեսում է, որ պայմանագրային հարաբերությունների օբյեկտ կարող են դառնալ միայն այն հարցերը, որոնք օրինական են և կատարման տեսակետից հիմնավոր:

Պայմանագրի օբյեկտ չեն կարող լինել միջազգային իրավունքի jus cogens «հիմնական» նորմերով արգելվող գործողությունների շուրջ ծավալվող հարաբերությունները:

Միջազգային պայմանագրերի իրավունքի կարևոր դրույթներից է այն, որ պայմանագիրն օրինական չի կարող համարվել, եթե դրա օբյեկտը հակասում է jus cogens նորմերի պահանջներին: Այս կապակցությամբ Վիեննայի 1969թ, Միջազգային պայմանագերերի իրավունքի մասին կոնվենցիայի 53-րդ հոդվածում նշվում է, որ պայմանագիրն առոչինչ է, եթե կնքման պահին հակասում է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր jus cogens նորմին:

Միջազգային պայմանագրերի օբյեկտների առանձնահատկությունները հաշվի առնելով` դրանք սովորաբար բաժանում են երեք խմբի` քաղաքական պայմանագրեր, տնտեսական պայմանագրեր, հատուկ հարցերով պայմանագրեր:

Միջազգային պայմանագրերի նպատակն ի տարբերություն պայմանագրի օբյեկտի, ավելի կոնկրետ է: Սովորաբար, կողմերն աշխատում են որքան հնարավոր է միարժեք և առարկայական ձևակերպել այն, ինչին ձգտում են հասնել պայմանագրի միջոցով:

Միջազգային պայմանագրի կողմ կարող են հանդես գալ միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտները` ինչպես պետությունները, այնպես էլ միջպետական կազմակեպությունները, իրենց անկախության համար պայքարող ազգերը և ժողովուրդները, պետականատիպ կազմավորումները :

Միջազգային պայմանագիր կնքելու հարցում պետության մարմինների իրավասության բնույթն ու բովանդակությունը յուրաքանչյուր պետության ներքին գործն են և կարգավորվում են նրա ներպետական օրենսդրությամբ: Պետությունները միջազգային պայմանագրերի կնքման և կատարման վերաբերյալ իրենց ազգային օրենսդրությունն ընդունելիս` պարտավոր են ղեկավարվել, գործող միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով և այլ փաստաթղթերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել