Ո՞ր օրենքով է կարգավորվում օտարերկրյա իրավաբանական անձանց քաղաքացիական-իրավական հարաբերությունները

Մեր օրերում քիչ թիվ չեն կազմում օտարերկրյա իրավաբանական անձինք, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են նաև ՀՀ տարածքում:

Հարց է առաջանում, թե ո՞ր օրենքով են կարգավորում իրավաբանական անձի քաղաքացիական-իրավական հարաբերությունները:

Այսպես. օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը:

Իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե` ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի`
1) կազմակերպական-իրավական ձևը.
2) անվանմանն առաջադրվող պահանջները.
3) ստեղծման և դադարման հարցերը.
4) վերակազմակերպման` ներառյալ իրավահաջորդության հարցերը.
5) իրավունակության բովանդակությունը.
6) քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու կարգը.
7) ներսում ծավալվող հարաբերությունները` ներառյալ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ.
8) պատասխանատվությունը:

Օտարերկրյա իրավաբանական անձը չի կարող վկայակոչել իր մարմնի կամ ներկայացուցչի` այն պետության իրավունքին անհայտ գործարքը կնքելու լիազորությունների սահմանափակումը, որտեղ այդ մարմինը կամ ներկայացուցիչը կնքել է գործարքը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցվում է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակման մասին:

Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց նման գործունեության համար օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, եթե օտարերկրյա իրավաբանական անձանց համար այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:

Օտարերկրյա իրավունքով իրավաբանական անձ չհամարվող օտարերկրյա կազմակերպության անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ կազմակերպությունը:
Այդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնները, որոնք կարգավորում են իրավաբանական անձանց գործունեությունը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Նշված կանոնները կիրառվում են օտարերկրյա անձանց հետ քաղաքացիական-իրավական հարաբերություններում պետության մասնակցության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել