Հայցադիմումը վարույթ ընդունեը, վերադարձնելը և մերժելը. որո ՞նք են տարբերությունները

Հայցադիմումը դատարան մուտք լինելուց հետո մակագրվում է դատավորներից որևէ մեկի անվամբ:

Դատավորը, ստանալով հայցադիմումը, պարտավոր է եռօրյա ժամկետում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`

1. հայցադիմումն ընդունել վարույթ
2. վերադարձնել հայցադիմումը
3. մերժել հայցադիմումի ընդունումը:

Այժմ, անդրադառնանք նշված դեպքերից յուրաքանչյուրին:

Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:

Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:

Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվոլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված հայցադիմումի ձևին և բովանդակությանը վերաբերող պահանջները: Հայցվորը, վերացնելով հայցադիմումում առկա թերությունները, կարող է եռօրյա ժամկետում կրկին այն ներկայացնել դատարան:

Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:

Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել