Չվերադարձնելիության սկզբունքը, դա «Փախստականների և ապաստան հայցողների» մասին օրենքով և միջազգային իրավունքի համաձայն` փախստականին որևէ կերպ չվերադարձնելն է այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության, քաղաքական հայացքների կամ համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձությունների հիմքով:
Ապաստան հայցող անձը մինչև իր ներկայացրած` ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը չի կարող արտաքսվել Հայաստանի Հանրապետության տարածքից:
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի կարող արտաքսվել, վերադարձվել կամ հանձնվել այլ երկիր, որտեղ հիմնավոր պատճառներով վտանգ կա, որ նա կենթարկվի դաժան և անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ներառյալ` խոշտանգումների:
Չվերադարձելիության սկզբունքը նախատեսվում է նաև Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով, համաձայն որի
Պայմանավորվող պետությունները չեն վտարում իրենց տարածքում օրինական կարգով գտնվող փախստականին, բացի ազգային անվտանգությամբ կամ հասարակական կարգի պահպանությամբ պայմանավորված դեպքերից։
Նման փախստականի վտարումը կատարվում է միայն օրենքին համապատասխան ընդունված որոշման հիման վրա։
Բացի այն դեպքերից, երբ ազգային անվտանգության անհաղթահարելի հիմնավորումներն այլ բան են պահանջում, փախստականին թույլատրվում է ի արդարացումն իրեն ներկայացնել ապացույց և բողոքարկել իրավասու իշխանությանը կամ իրավասու իշխանության կողմից հատուկ նշանակված անձին կամ անձանց և այդ նպատակով ներկայացվել նրանց առջև։
Պայմանավորվող պետությունները նման փախստականին բավարար ժամանակ են տալիս՝ այդ ընթացքում ստանալու օրինական կարգով մեկ այլ երկիր մուտք գործելու թույլտվություն։ Պայմանավորվող պետություններին իրավունք է վերապահվում այդ ընթացքում կիրառել այնպիսի ներքին միջոցառումներ, որ նրանք անհրաժեշտ կհամարեն: