Ո՞ր գիտնականը կարող է ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում

Իրավագիտության բնագավառում գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող և վերջին հինգ տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություններում մշտապես իրավունք դասավանդող կամ գիտական հաստատությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (ստորև՝ գիտնականներ), կարող են ընդգրկվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում` ստորև սահմանված կարգով:

Գիտնականները տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 20-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) գիտնականի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական և դասախոսական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ.
3) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.
4) աշխատանքային գրքույկի բնօրինակը կամ հավակնորդի աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր.
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրան զրույցի։

Գիտնականի թեկնածությունը կարող է ներառվել միայն վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում: Այդ նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկով գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններով: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նրա թեկնածությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին` վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու առաջարկությամբ: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների առաջխաղացման ցուցակը, ապա թեկնածությունը համարվում է մերժված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել